Ա.Պ. Հակոբյան, բ.գ.դ.
Երևան 2014
Հրատարակված է օնլայն
Բանալի բառեր՝ ողնաշարի նորագոյացություններ, ողի մարմնի չբարդեցված կոտրվածք, ողնապլաստիկա
Ներածություն
Ողնաշարի կոտրվածքների և ուռուցքային ախտահարումների հաճախականությունը խիստ բարձր է և կազմում է մոտ 14-38 դեպք 100 000 բնակչության շրջանակներում: Ըստ վիճակագրության` երկրագնդի բնակչության 2.5 միլիոնը հաշմանդամներ են դարձել ողնաշարի տրավմա ստանալուց հետո: Տարեկան կտրվածքով մոտ 130 000 մարդ ստանում է ողնաշար-ողնուղեղային տրավմա: Հարցի կարևորությունը պայմանավորված է հաշմանդամության բարձր հաճախականությամբ և հիվանդների բուժման թանկարժեքությամբ: Օրինակ` ԱՄՆ-ում ողնաշար-ողնուղեղային տրավմայով մեկ հիվանդի տարեկան կտրվածքով ստացիոնար բուժման արժեքը միջինում կազմում է մոտ 50 000 ԱՄՆ դոլար: Ողնաշարի ուռուցքները իրենց հերթին դասակարգվում են որպես առաջնային և երկրորդային: Առաջնային ուռուցքներից ամենատարածվածն են ողի մարմնի հեմանգիոմաները: Վերջիններիս հանդիպման հաճախականությունը կազմում է 10-27%: Հեմանգիոմաներով ախտահարված ողի մարմինը կարող է ցավային համախտանիշի կամ կոտրվածքի պատճառը դառնալ դրանից բխող հետևանքներով: Ողնաշարի երկրորդային (ողնաշարի մետաստազներ) ուռուցքային ախտահարումները հայտնաբերվում են ուռուցքով հիվանդների 10%-ի մոտ և կարճ ժամանակահատվածում պատճառ են դառնում այդ հիվանդների խորը հաշմանդամության: Գրականության մեջ առկա են բազմապիսի առաջարկներ ուղղված այս հիվանդների բուժմանը: Առաջարկված են ճառագայթային բուժման, բաց վիրահատության, դեղորայքային բուժման մեթոդներ: Մեր աշխատանքի նպատակն էր համեմատականներ անցկացնել տարբեր եղանակով բուժված, ողնաշարի կոտրվածքներով և ողնաշարի ուռուցքներով, հիվանդների բուժման արդյունքների միջև և ելնելով ստացված արդյունքներից` առաջարկել առավել արդյունավետ մեթոդը:
Նյութը և մեթոդը: Մեր աշխատանքում մենք համեմատականներ ենք անցկացրել դեղորայքային բուժում կամ բաց սովորական եղանակով վիրահատված հիվանդների և վերտոբրոպլաստիկայի մեթոդով վիրահատված հիվանդների բուժման արդյունքների միջև:
Հետազոտվել էին 135 հիվանդների բուժման արդյունքները: Հիվանդներից 119 (88,1%) զինծառայող էին, մնացած 16 (11,9%) քաղաքացի անձիք էին: Կախված ախտաբանության տեսակից` հիվանդները բաժանվել էին երկու խմբի: Առաջին խմբի 66 հիվանդների մոտ առկա էր ողնաշարի տրավմա, որը առաջացրել էր ողի մարմնի կոտրվածք: Այս խմբի հիվանդների բուժումը կատարվել էր երկու ձևով: Առաջին ենթախմբի 34 հիվանդներին կատարվել էր վերտոբրոպլաստիկա: Այս ենթախմբի 28 հիվանդ պայմանագրային հիմունքով զինծառայողներ էին: Հիվանդների բուժման արդյունքները համեմատվել էին երկրորդ ենթախմբի 32 հիվանդ զինծառայողների բուժման արդյունքների հետ: Վերտոբրոպլաստիկայի ենթարկված հիվանդներին թույլատրվում էր քայլել վիրահատության հաջորդ օրը: Նախավիրահատական շրջանում առկա ցավային համախտանիշը անցել էր վերտոբրոպլաստիկայից հետո 2-5 օրվա ընթացքում, հետվիրահատական ստացիոնար բուժման տևողությունը 11 օր էր, միջինում 8 օր: Վերջիններս ստացիոնար բուժումը ավարտելուց հետո Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի (ԿՌԲՀ) կողմից տրամադրվել էր վերականգնողական արձակուրդ 10-30 օր տևողությամբ, միջինում 21 օր: Վերջնական ռազմաբժշկական փորձաքննության արդյունքներով 28 զինծառայողներից 21-ը (75%) ճանաչվել էին պիտանի հետագա զինծառայությանը` առանց զինծառայության պիտանելիության աստիճանի փոփոխության, 7 (25%) զինծառայող ճանաչվել էին պիտանի զաինծառայությանը սահմանափակումով:
Ողի մարմնի կոտրվածքի կապակցությամբ կիֆոպլաստիկայի կամ վերտեբրոպլաստիկայի ենթարկված հիվանդների բուժման արդյունքները համեմատվել էին նմանատիպ ախտահարումներով, այլ մեթոդով բուժված 32 հիվանդների բուժման արդյունքների հետ: Այս խմբի բոլոր հիվանդներն էլ զինծառայողներ էին: Նրանցից 27-ը բուժվել էին դեղորայքային եղանակով, իսկ 5-ին կատարվել էր բաց ծավալային վիրահատություն` տրանսպեդիկուլյար ֆիքսացիա: Դեղորայքային բուժում ստացած 27 հիվանդների ստացիոնար բուժման տևողությունը կազմում էր 20-45 օր, միջինում 31: Հիվանդների ակտիվացումը` քայլելը, թույլատրվում էր 21 օրից ոչ շուտ ժամանակահատվածում: Ցավային համախտանիշը հիվանդների մոտ անցել էր 5-12 օրվա ընթացքում: Ստացիոնար բուժումից հետո այս հիվանդներին ԿՌԲՀ-ի կողմից տրամադրվել է վերականգնողական արձակուրդ 45-90 օր ժամանակահատվածով, միջին ցուցանիշը կազմում էր 52 օր: Վերջնական ռազմաբժշկական փորձաքննության արդյունքներով 32 հիվանդներից 20-ը (62,5%) ճանաչվել էին պիտանի զինծառայությանը սահմանափակումներով, 10-ը (31,2%) ճանաչվել էին ոչ պիտանի զինծառայությանը և միայն 2 (6,3%) դեպքում չէր կատարվել զինծառայության պիտանելիության աստիճանի փոփոխություն:
Համեմատություն անցկացնելով արդեն ակնհայտ է դառնում, որ վերտոբրոպլաստիկայի կամ կիֆոպլաստիկայի կիրառումը թույլ է տվել կրճատել հետվիրահատական ստացիոնար բուժման տևողությունը 3,8 անգամ, ԿՌԲՀ-ի կողմից տրամադրվող վերականգնողական բուժական արձակուրդի տևողությունը հնարավոր եղավ կրճատել 2,4 անգամ, ինչպես նաև մեթոդի կիրառումը թույլ էր տվել մոտ 12 անգամ կրճատել զինվորական ծառայության պիտանելիության աստիճանի փոփոխման անհրաժեշտությունը: Ինչ-որ վերաբերվում է ողնաշարի ուռուցքներով հիվանդների բուժման արդյունքներին, ապա ողի մարմնի առաջնային ուռուցքներով դիտարկվել էին 28 հիվանդ, որոնք բոլորն էլ զինծառայողներ էին և 41 հիվանդ, որոնց կատարվել էր ախտահարված ողի մարմնի վերտոբրոպլաստիկա: Վերտոբրոպլաստիկայի ենթարկված 41 հիվանդից 31-ը զինծառայողներ էին: Այս հիվանդների խմբում գերակշռում էին ողի մարմնի հեմանգիոմաներով ախտահարումները, ինչը կազմում էր 89,1%: Մնացած դեպքերում վերտեբրոպլաստիկան կամ կիֆոպլաստիկան կատարվել էր էոզինոֆիլ գրանուլյոմայի, օստիոիդ օստիոմայի կապակցությամբ: Ողնապլաստիկայի ենթարկված հիվանդների բուժման արդյունքները գնահատվում էին կապված ողի մարմնի լցոնման աստիճանից, քանի որ վիրահատության նպատակն էր, լցոնելով ողի մարմինը, վերացնել ողի մարմնի կոտրվածքի սպառնալիքը:
Անդրադառնալով վիրահատության արդյունքներին` նշենք որ հետվիրահատական շրջանում վերտեբրոպլաստիկայի ենթարկված հիվանդների ակտիվացումը` քայլելը, թույլատրվում էր վիրահատությունից 8-12 ժամ անց: Բոլոր հիվանդները հոսպիտալից դուրս էին գրվել մեկ օր անց: Նկարագրելով բուժման արդյունքները վերտեբրոպլաստիկայի ենթարկված զինծառայողների խմբում` անհրաժեշտ ենք համարում նշել, որ 31 զինծառայողներին հետվիրահատական շրջանում տրամադրվել էր վերականգնողական արձակուրդ 10-20 օր տևողությամբ, միջինում 14: Մյուս կարևոր հանգամանքը, այս զինծառայողների վերջնական ռազմաբժշկական փորձաքննության արդյունքներն էին: Այսպես 31 զինծառայողից վերջնական ռազմաբժշկական փորձաքննության արդյունքներով 26-ը (83,5%) ճանաչվել էին պիտանի զինծառայությանը, 4 (13%) զինծառայող ճանաչվել էին պիտանի զինծառայությանը սահմանափակումով և 1 (3,5%) զինծառայող ճանաչվել էր ոչ պիտանի հետագա զինծառայությանը:
Համանման ողի մարմնի հեմանգիոմաներով, սակայն վերտեբրոպլաստիկայի չենթարկված 28 զինծառայողների ստացիոնար բուժման տևողությունը տատանվում էր 10-25 օր, միջինում 18: Ստացիոնար բուժման ժամանակահատվածը անհրաժեշտ էր այս հիվանդների ռազմաբժշկական փորձաքննությունը անկացնելու համար: Այս խմբի հիվանդներից ոչ մեկը դեղորայքային կամ վիրահատական բուժում չէր ստացել: Վերջիններիս ռազմաբժշկական փորձաքննության արդյունքները հետևյալն էին` 4 (14,3%) ճանաչվել էին պիտանի զինծառայությանը, 16 (57,2%) ճանաչվել էին պիտանի զինծառայությանը սահմանափակումով և 8 (28,5%)` ոչ պիտանի զինծառայությանը:
Համեմատելով հեմանգիոմաներով հիվանդների բուժման արդյունքները` ակնհայտ է որ վերտոբրոպլաստիկայի կիրառումը թույլ տվեց կրճատել հետագա զինծառայության պիտանելիության աստիճանի փոփոխության հաճախականությունը 5 անգամ, իսկ հետվիրահատական ստացիոնար բուժման տևողությունը վերտոբրոպլաստիկայի ենթարկված հիվանդների ենթախմբում 1 օր էր, իսկ չվիրահատված հիվանդների խմբում` միջինում 18 օր, ինչը վկայում է որ մեթոդը թույլ է տալիս զգալիորեն կրճատել ստացիոնար բուժման տևողությունը:
Ամփոփում
Վերտեբրոպլասիկան համարվում է արդիական մեթոդ, ինչը թույլ է տալիս վերականգնել ախտահարված ողի մարմնի հենաշարժիչ ֆունկցիան:
Վերտեբրոպլաստիկայի կամ կիֆոպլաստիկայի կիրառումը ողի մարմինների չբարդեցված կոտրվածքների դեպքում թույլ է տալիս արագ ապաքինել հիվանդին` մի քանի անգամ կրճատելով ստացիոնար բուժման և հետվիրահատական վերականգման ժամանակահատվածը:
Վերտեբրոպլաստիկայի կիրառումը հեմանգիոմայի դեպքում թույլ է տալիս կանխարգելել ողի մարմնի կոտրվածքի առաջացումը, ինչպես նաև ձերբազատում է հիվանդին ճառագայթային բուժման անհրաժեշտությունից:
Վերտեբրոպլաստիկայի ներդնումը թույլ տվեց զգալիորեն կրճատել հիվանդ զինծառայողների ստացիոնար բուժման տևողությունը, տրամադրվող վերականգնողական բուժական արձակուրդի ժամանակահատվածը, ինչպես նաև հետագա զինվորական ծառայության պիտանելիության աստիճանի փոփոխության հաճախականությունը:
Գրականության ցանկ
- Ahmed KA, Barney BM, Macdonald OK, Miller RC. Garces YI, Laack NN, Haddock MG, Foote Rl, Olivier KR, Stereotactic body radiotherapy in the treatment of adrenal metastases, Am J Clin Oncol. 2012 Jul 9
- Barzin M, Maleki I,Incidence of Vertebral Hemangioma on Spinal Magnetic Resonance Imaging in Northern Itan, Pakistan Journal of Biological Science, 12: 542-544
- Bròdano BG, Cappuccio M, Gasbarrini A, Bandiera S, De Salvo F, Cosco F, Boriani S, Vertebroplasty in the treatment of vertebral metastases: clinical case and review of the literature, European Review for Medical and Pharmacological Sciences, 2007;11:91-100
- Cartet B, Cotton A, Boutry N, Dewatre F, Flipo RM, Duquesnoy B, Chastanet P, Delcambre B, Percutaneous Vertebroplasty in patents with osteolytic metastases or multiple myeloma, Rev Rhum Engl Ed, 1997; 64: 177-183
- Galibert P, Deramond H, Rosat P, Le Gars D,Preliminary note on the treatment of vertebral angioma by percutaneous acrylic vertebroplasty, Neurochirurgie 1987;33: 166-168
- Gunzburg R, Parkinson R, Moore R, et al: A cadaveric study comparing discography, magnetic resonance imaging, histology, and mechanical behavior of the human lumbar disc, Spine 17:417-426, 1992
- Halpin RJ, Bendok BR, Liu JC, Minimally invasive treatments for spinal metastases: vertebroplasty, kyphoplasty and radiofrequency ablation. J Support Oncol 2004;2:339-355
- Julie G, Pilitsis MD, Setti S, Rengachary MD, The role of vertebroplasty in Metastatic disease, Neurosurg Focus, 2001;11(6)
- Liu P, Yao Y, Liu MY, Fan WL, Chao R, Wang ZG, Liu YC, Zhou JH, Spinal trauma in mainland China fro 2001 to 2007: an epidemiological study based on a nationwide database, Spine (Phila Pa 1976). 2012 Jul 1;37(15):1310-5
- Nomura K., Yoshida M., Kawai M., Okada M., Nakao S., A Novel Microendoscopically Assisted Approach for the Treatment of Recurrent Lumbar Disc Herniation: Transosseous Discectomy Surgery, J Neurol Surg A Cent Eur Neurosurg., 2013 May 15
- Tator CH (2006), Review of treatment trials in Human spinal cord injury: issues, difficulties and recommendations. J Neurosurg 59: 957-987
- Templin CR. Stambough JB, Stambough JL, Acute spinal cord compression caused by vertebral hemangioma, Spine J. 2004 Sep.-Oct;4(5):595-600
- Thuret S, Moon LD, Gage FH (2006), Therapeutic interventions after spinal cord injury. Nat Rev Neurosci 7:628-643