Բաժիններ
ՀԻՊՈՖԻԶԻ ԱԴԵՆՈՄԱՆԵՐԻ ԷՆԴՈՍԿՈՊԻԿ ՀԵՌԱՑՈՒՄ

Էնդոսկոպիկ էնդոնազալ-տրանսֆենոիդալ վիրահատությունը կատարվում է քթանցքից՝ բնական ուղներով: Այս վիրահատության առավելությունն է մինիմալ-ինվազիվությունը, և այն փաստը, որ վիրահատությունը կատարվում է առանց գանգահատման: Տեղին ենք համարում ներկայացնել, որ ՀՀ-ի տարածքում միայն ՛՛Նաիրի՛՛ բժշկական կենտրոնն է հագեցված StealthStation նավիգացիոն համակարգով, որի օգտագործումը վիրահատության ժամանակ թույլ է տալիս ճշգրիտ որոշել ուռուցքի տեղակայումը, նրա սահմանները և հեռացման աստիճանը, ինչի շնորհիվ նվազագույնի է հասցվում հարակից հյուսվածքների վնասման հավանականությունը: Միևնույն ժամանակ մեր բաժանմունքը հագեցված է ուլտրաձայնային տարբերակիչ ասպիրատորով “INTEGRA”, որը թույլ է տալիս տարբերակել ուռուցքը հարակից հյուսվածքներից և չվնասելով հյուսվածքները՝ հեռացնել միայն ուռուցքային զանգվածը:

Նշենք նաև որ վիրահատության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ փոքր տրամագծի տարածքում /մոտ 3 սմ/ տեղակայված է ուռուցքը, քնային զարկերակները, երակային խառնարանը, տեսողական նյարդերը, ակնաշարժիչ նյարդերը: Այսպիսով՝ խիստ անհրաժեշտ է կատարել միջամտությունն այնպես, որ հնարավորինս նվազեցնել նման կարևոր կենտրոնների վնասման հավանականությունը:

Վիրահատության ընթացքում ուռուցքը հեռացվում է հնարավորինս լիարժեք, սակայն այն դեպքերում, երբ նրա կողմնային սահմանները սերտաճած են կամ շատ մոտ են հարակից հյուսվածքների կամ անոթներին, ապա այդ հատվածը չի հեռացվում՝ ելնելով անվտանգության տեսանկյունից: Վիրահատության ավարտին հեռացված ուռուցքի խոռոչի մեջ է դրվում ճարպային հյուսվածք վերցված պորտի շրջանից:

Ստորև ներկայացված են մեր կողմից հեռացված ուռուցքի նախավիրահատական և հետվիրահատական նկարները, ինչը թույլ է տալիս ներկայացնել, որ ուռուցքը հեռացված է ամբողջությամբ: 


   ա.                                                                               բ.

ա. նախավիրահատական շրջանում կատարված ՄՌՏ հետազոտություն. առկա է հիպոֆիզար շրջանի ուռուցք (ցույց է տրված սլաքով)

բ. հետվիրահատական շրջանում կատարված ՄՌՏ հետազոտություն. ուռուցքը պրակտիկապես հեռացված է և նրա տեղը լցված է հեմոստատիկ սպունգով կամ ճարպային հյուսվածքով (ցույց է տրված սլաքով)

 

Ստացիոնար բուժման տևողությունը միջինում կազմում է 4-5 օր: Հիվանդներին թույլատրվում է քայլել վիրահատության հաջորդ իսկ օրը: Հետվիրահատական շրջանում, կախված նորագոյացության հիստոլոգիական կազմից, որոշ հիվանդներին ցուցված է հորմոնային կամ ճառագայթային բուժում: