Բաժիններ
Միջողային աճառների ճողվածքներով հիվանդ զինծառայողների մաշկանց էնդոսկոպիկ վիրահատության արդյունքները

Ա.Պ. Հակոբյան, բ.գ.դ.

Երևան 2014

Հանդես՝ Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 

 

Միջողային աճառների ճողվածքներով հիվանդներ զինծառայողների բուժման արդյունքների համեմատականը կախված բուժման մեթոդից 

 

          Նախքան բուժման արդյունքներին անդրադառնալը` անհրաժեշտ ենք համարում նշել, որ բաց եղանակով վիրահատված հիվանդների ակտիվացումը (քայլելը) իրականացվել է հետվիրահատական 3-7 օրվա ընթացքում, և այս ցուցանիշի միջին թվաբանականը կազմում էր 4: Հետվիրահատական ստացիոնար բուժման տևողությունը տատանվում էր 4-12 օր, միջինը` 7: Այնինչ ճողվածքի էնդոսկոպիկ վիրահատություն տարած մաշկանց եղանակով վիրահատված հիվանդների ակտիրվացումը` քայլելը, տեղի էր ունեցել հետվիրահատական առաջին օրը, իսկ հետվիրահատական ստացիոնար բուժման տևողությունը կազմում էր 2-4 օրը, միջինում` 2:

          Այսինքն` միջողային աճառի ճողվածքի էնդոսկոպիկ հեռացման եղանակը թույլ տվեց կրճատել հետվիրահատական ստացիոնար բուժման տևողություը 3,5 անգամ, և հիվանդների ակտիվացման համար նախատեսված ժամանակը հնարավոր եղավ կրճատել 4 անգամ:

Ողնաշարի ճողվածքի կապակցությամբ բաց եղանակով վիրահատված հիվանդների բուժման արդյունքները հետևյալն են` 127 (76%) դեպքում հիվանդները դուրս են գրվել լավացած` առանց ցավային համախտանիշի: 28 (16,8%) հիվանդի մոտ առկա է հետվիրահատական պահպանվող ցավային համախտանիշ ողնաշարի գոտկասրբանային հատվածում, ինչը պայմանավորված է վիրահատական մուտքով և մեջքի լայնակի մկանների հետվիրահատական ախտահարմամբ: Այս հիվանդների ապաքինման համար անհրաժեշտ էր եղել լրացուցիչ ֆիզիոթերապևտիկ բուժում: Հետվիրահատական ռեցեդիվները, որոնց բուժման համար պահանջվել էր կրկնակի վիրահատություն բաց եղանակով վիրահատված հիվանդների խմբում 7,2% էր (12 հիվանդ):

        Միջողային աճառի ճողվածքի էնդոսկոպիկ հեռացում կրած 138 հիվանդներից բուժման արդյունքը գնահատվել էր լավ 123 (89,2%) հիվանդի մոտ, հետվիրահատական շրջանում ցավային համախտանիշը պահպանվել էր 5 (3,6%) հիվանդների մոտ: Հետվիրահատական ռեցեդիվներ նկատվել էր 10 (7,2%) հիվանդի մոտ:

          Այսպիսով` համեմատելով այս երկու խմբի հիվանդների բուժման արդյունքները երևում է, որ լավ արդյունքները 13%-ով գերակշռում են մինիմալ ինվազիվ, էնդոսկոպիկ տրանսֆորամինալ մեթոդով վիրահատված հիվանդների խմբում: Հետվիրահատական շրջանում պահպանվող ցավային համախտանիշի կապակցությաբ լրացուցիչ ֆիզիոթերապևտիկ բուժում պահանջող հիվանդների տոկոսը 4 անգամ ավելի պակաս էր ճողվածքի էնդոսկոպիկ եղանակով վիրահատված զինծառայողների խմբում: Հետվիրահատական ռեցեդիվների հաճախականությունը երկու խմբերում էլ նույնն էր և կազմում էր 7,2%:                 Բաց եղանակով վիրահատված հիվանդների խմբում հետվիրահատական բորբոքային բարդություները սպոնդիլիտի կամ սպոնդիլոդիստիտի տեսքով արձանագրվել էր 11 (6,6%), իսկ էնդոսկոպիկ մաշկանց եղանակով վիրահատված հիվանդների մոտ հետվիրահատական բորբոքային սպոնդիլիտ կամ սպոնդիլոդիստիտ արձանագրվել էր 5 (3,6%) հիվանդների մոտ, ինչը վկայում էր մոտ 2 անգամ նվազ բորբոքային բարդությունների հանդիպման հավանակության մասին էնդոսկոպիկ եղանակով վիրահատված հիվանդների խմբում: